Անկախությունն ընտրեցինք որպես մեր երկրի գոյության միակ կարգավիճակ․ «Ազատ Դեմոկրատներ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

1

Սիրելի հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում ենք բոլորիս այս փառապանծ օրվա՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ, մաղթում խաղաղություն և բարօրորություն, վաղվա օրվա հանդեպ անսասան հավատ ու հույս, նորանոր հաղթանակներ և ձեռքբերումներ մեր պետությանը:

Սեպտեմբերի 21-ը մեր պատմության ամենափառավոր օրերից է՝ մեր անցյալի, ներկայի և ապագայի խորհրդանիշը: 28 տարի առաջ այս պատմական օրը նշանավորվեց որպես հայոց պետականության վերածննդի նոր սկիզբ: Նորանկախ մեր հանրապետությունը ծնվեց դժվարին պայմաններում՝ քաջարի պայքարով և հաղթանակի հանդեպ հաստատուն հավատով: Հայ ժողովրդի դրսևորած բացարձակ միասնականության շնորհիվ մենք վերահաստատեցինք ազատ ապրելու մեր կամքն ու վճռականությունը՝ Անկախությունն ընտրելով որպես մեր երկրի գոյության միակ և անբեկանելի կարգավիճակ:
Հայաստանի Հանրապետության զարգացումն ու առաջընթացը յուրաքանչյուրիս նպատակն է: Մենք ունենք մեծ ներուժ՝ անկախության սերունդ, միասնականություն, կարողություն և հնարավորություն մեր Երազանքների Պետությունը կառուցելու:

Թե´այսօր, թե´ վաղը մեզանից յուրաքանչյուրը պետք է մասնակից լինի պետականաշինության, ժողովրդավարության էլ ավելի ամրապնդման գործում, և միայն այս գիտակցումով կկարողանանք հաղթահարել մեր առջև ծառացած բոլոր մարտահրավերները և վստահորեն առաջ շարժվել դեպի հզոր ու զարգացած, ինքնիշխան ու ժողովրդավար Հայաստան:

Շնորհավո՛ր տոնդ Հայաստանի Հանրապետություն,
Շնորհավո՛ր տոնդ ՀՀ ազատ և անկախ քաղաքացի:

Ազատ Դեմոկրատներ կուսակցություն