Կայացել է արցախյան գինու 6-րդ փառատոնը. մասնակցում էին երեք տասնյակից ավելի գինեգործներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

.

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության եւ Արցախի գինեգործների եւ խաղողագործների միության համատեղ նախաձեռնությամբ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Տողի Մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցում կազմակերպվել է արցախյան գինու 6-րդ փառատոնը, հաղորդում է «Արցախպրեսը»: 

Փառատոնին Հայաստանից եւ Արցախից մասնակցել են երեք տասնյակից ավելի գինեգործներ, որոնց արտադրանքը համտեսում էին միջոցառման մասնակիցները:

Փառատոնի բացմանն օրհնանքի խոսքով հանդես է եկել Հադրութի շրջանի հովիվ Տեր Մատթեւոս քահանա Դրավանցը:

Փառատոնն ուղեցվում էր մշակութային ծրագրերով՝ համերգ ու թատերական ներկայացում: Միջոցառմանը ցուցադրվել է արվեստի գործեր, կազմակերպվել գյուղական բարիքների տոնավաճառ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանն ասել է, որ այս տարի ընդլայնվել է փառատոնի անցկացման տարածքը, քանի որ գինեգործների թիվը բավականին շատացել է:

«Այս տարի փառատոնին մասնակցում է շուրջ 30 գինեգործ՝ նախորդ տարվա 21-ի փոխարեն: Ձեւավորվել է շուրջ 80 տաղավար: Ունենք տաղավարներ, որտեղ պատրաստվում են արցախյան տարբեր ճաշատեսակներ: Գործում են նաեւ տեղեկատվական երկու կետեր, որտեղ փառատոնի վերաբերյալ բուկլետներ են բաժանվում մարդկանց: Որպես նորություն, այս անգամ փառատոնի անցկացման վայրում կանգնեցվել է աղբահան մեքենա, այդ կերպ փորձելով պահպանել տարածքի մաքրությունը, ինչպես նաեւ տեղադրվել են հասարակական զուգարաններ»,- մասնավորապես ասել է Ա. Գրիգորյանը՝ նշելով, որ փառատոնը յուրատեսակ ազատ գոտի է, որտեղ յուրաքանչյուր ոք իր ապրանքատեսակներն է վաճառում. գները շուկայականից էժան են:

Նրա խոսքով՝ փառատոնի կազմակերպմանը մեծ էր տուրիստական գործակալությունների հետաքրքրությունը:

Միջոցառմանը առանձին տաղավարով ներկայացած «Մելսոն գրուպ» ՍՊ ընկերության փոխտնօրեն Արայիկ Հովսեփյանը մեզ հետ զրույցում ասել է, որ իրենք առաջին անգամ են մասնակցում գինու փառատոնին՝ ներկայացնելով գինիների տարբեր տեսականի:

«Գործարանը աշխատում է 1996 թվականից՝ Ստեփանակերտում: Մենք իրացման որեւէ խնդիր չենք ունենում: Արտադրանքը հիմնականում վաճառում ենք ՀՀ-ում եւ արտերկրում: Պարբերաբար մասնակցում ենք տարբեր փառատոների՝ ներկայացնելով մեր տեղական արտադրանքը: Նման փառատոների անցկացումը, հնարավորություն է տալիս ճանաչելի դարձնել մեր արտադրանքը»,-մասնավորապես ասել է Ա. Հովսեփյանը՝ հավելելով, որ «Մելսոն գրուպ» ՍՊ ընկերության գինու առանձնահատկությունն այն է, որ պատրաստվում է ավանդական ձեւով եւ համարվում է բնական ըմպելիք:

Մարտունու շրջանի Շեխերի գինեգործարանում արտադրվող «Ապրիս» գինու ներկայացուցիչ Կարեն Բաղդասարյանն ասել է, որ արդեն երկու տարի է ինչ ինքը զբաղվում է գինեգործությամբ:

«Տարեկան արտադրանքը կազմում է 24 հազար շիշ: Վաճառքն իրականացնում ենք հիմնականում ԱՄՆ-ում, ինչպես նաեւ ՀՀ-ում եւ ԱՀ-ում: Իրացման խնդիր չունենք, արտադրում ենք սպիտակ, կարմիր եւ վարդագույն գինիներ: Գները տարբեր են՝ սկսած 5000 դրամից: Այս փառատոնը հնարավորություն է ընձեռում, որպեսզի մենք՝ գինեգործներս, ծանոթնանք եւ շփվենք իրար հետ, կիսվենք փորձով»,- ասել է Կ.Բաղդասարյանը:

Միջոցառմանը ներկա էին ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, հյուրեր՝ ՀՀ-ից եւ արտերկրից, արցախցիներ: