Վանեցյանը վաղուց արդեն զբաղվում էր քաղաքականությամբ․ Հրաչյա Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

1

«Այն, որ Արթուր Վանեցյանն այս կարճ ժամանակահատվածում քաղաքական հայտարարություններ է անում, կարծում եմ՝ նոր չէ ի հայտ եկել իր մոտ. նա վաղուց արդեն զբաղվում էր քաղաքականությամբ, ինչն անհամատեղելի էր իր պաշտոնի հետ»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականին:

Հարցին, թե այդ դեպքում՝ ինչու Վանեցյանին վերջերս գեներալի կոչում տրվեց, պատգամավորն ասաց. «Չեմ կարող ասել, թե ինչու տրվեց գեներալի կոչում, երբ այս ամենը պարզ դարձավ: Ամեն դեպքում, չեմ կարծում, որ վարչապետի այս քայլն ուշացած էր»:

Ինչ վերաբերում է Վանեցյանի հայտարարությանը, թե՝ «պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել», Հրաչյա Հակոբյանն արձագանքեց. «Այդ հայտարարությունը նույնպես խոսում է այն մասին, որ եթե սպայի ուսադիրներով աշխատել է այդ համակարգում եւ կան այնպիսի հայտարարություններ, որոնք նա թաքցրել է, հետեւաբար, եւս մեկ անգամ տեղին է այդ պաշտոնից նրա հեռացվելը: Երբ նա աշխատում էր այդ ուսադիրների տակ, այդ հայտարարությունները, որոնցով սպառնում է կամ փորձում է շանտաժ անել, պետք է այն ժամանակ արդեն իսկ հրապարակեր: ՀՀ իշխանությունն այսօր չի վախենում նմանատիպ հայտարարություններից, սպառնալիքներից: Եթե նա ունի այդ հայտարարությունները, թող անի, կապրենք, կտեսնենք:

Ինչ վերաբերում է Վանեցյանի հայտարարությանը, թե «ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում»,-«Իմ քայլի» պատգամավորն ասաց. «Ես էլ եմ ասում՝ ցույց կտա, թե ով, ինչպես եւ ինչու կհայտնվի աղբանոցում եւ դա ինչ հետեւանքներ կունենա»:

Խաղաղ պայմաններում հրաժարականի դիմում ներկայացնող անձը հրաժարականից հետո նման հայտարարություններով հանդես չէր գա, իրեն ավելի քաղաքակիրթ կպահեր: Ինձ մոտ տպավորություն է, որ նրա պահվածքը հեռացվածի պահվածք է»,- ասաց Հրաչյա Հակոբյանը՝ նկատելով, որ  չի կարծում, թե Արթուր Վանեցյանը կարող է մրցակից լինել վարչապետին քաղաքական դաշտում. «Չեմ կարծում, որովհետեւ Վանեցյանը հայտնվել է շատ բարդ իրավիճակում: Վստահություն իր նկատմամբ հանրության մոտ չկա: Ուներ նա այդ վստահությունը, բայց նմանատիպ հայտարարություններով, երբ քո քաղաքական առաջնորդին փորձում ես վարկաբեկել կամ սպառնալիքներ հնչեցնել՝ թե հայտարարություններ կանեմ, դա հանրության մոտ լավ արձագանք չի գտնի»:

Ինչ վերաբերում է Վանեցյանի այն հայտարարությանը, թե իշխանությունն առաջ է տանում այն թեզը, թե «ով մեզ հետ չի ազգի դավաճան է» կամ եթե որեւէ մեկը համաձայն չէ այդ պնդման հետ, ըստ վարչապետի, ուրեմն նախկինների պատվերով է գործում:

«Դուք տեսնում եք, թե որքան մարդ կա, որ մեզ հետ չի, ու այդ մարդիկ մեզ համար ազգի դավաճաններ չեն, այդ մարդիկ մեր հայրենակիցներն են: Ուղղակի կան մարդիկ, որոնք ուղղորդվում են: Երբ այդ թեզը հնչեցվում է իշխանության կողմից, դա վերաբերում է այն մարդկանց, որոնք ուղղորդված դավադրություններ են իրականացնում: Խոսքը վերաբերում է այն մարդկանց, որոնց վերաբերյալ իշխանություններն ունեն հիմնավոր կասկած, որ ուղղորդվում են տարբեր ուժերի կողմից, որոնք դավադրություններ են նախապատրաստում, կամ տանում աղբամանի կողքը աղբ են լցնում:  Պետք է պարզել, թե ինչ նպատակով է այդ մարդը գնում եւ մեծ աղբը թափում աղբամանի կողմը, երբ այնտեղ կա դատարկ աղբաման: Նման մարդը չի ցանկանում Հայաստանի բարեկեցությունը, առաջընթացը»: