Եթե այդ տեղեկատվությունը գաղտնիք չի պարունակում, պարոն Վանեցյանը պետք է հրապարակի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

քաղաքական

Այն փոփոխություններից հետո, որ տեղի ունեցան Հայաստանում, պաշտոններ զբաղեցնելը, պաշտոններ փոխելը, պաշտոններից ազատվելը պետք է որ բնականոն երեւույթ լինի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ ակունցը՝ անդրադառնալով Արթուր Վանեցյանի պաշտոնանկությանը:

«Այդտեղ որեւէ աղմկահարույց բան չեմ տեսնում, կարծում եմ, որ պաշտոնից ազատման հետ կապված աղմուկն է , որ հենց տարակուսանք է առաջացնում հանրության շրջանում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Վանեցյանի հայտարարությանը, թե «Նիկոլ Փաշինյանը կրկին չի մտածում իր խոսքերի հետեւանքների մասին. Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել առանց հետեւանքների մասին մտածելու», Լիլիթ Մակունցն ասաց. «Հայաստանում թե կառավարությունը, թե իշխող խմբակցությունը վարում են բաց քաղաքականությունեւ կարծում եմ, որ եթե կա այնպիսի տեղեկատվություն, որը գաղտնիք չի պարունակում եւ ներկայացնում է հասարակական հետաքրքրություն, պարոն Վանեցյանը պետք է հրապարակի այդ տեղեկատվությունը»:

Հարցին, թե նորմա՞լ եք համարում, որ Վանեցյանի հայտարարությունը հեռացվեց ԱԱԾ կայքից, «Իմ քայլի» ղեկավարն արձագանքեց. «Ես տեղյակ չեմ, թե ինչ հայտարարություն է եղել կայքում: Ես չգիտեմ՝ արդյոք պաշտոնական տեքստը տարբերվում է հանրային տեքստից, հետեւաբար, չեմ կարող ասել՝ ով է հեռացրել տեքստը եւ ինչու է հեռացրել: Ճիշտ կլինի համապատասխան կառույցին դիմել այդ հարցով»:

Դիտարկմանը, որ նման հայտարարություններով Արթուր Վանեցյանը փորձում է քաղաքական հայտ ներկայացնել, որքանով նա կարող է մրցակից լինել այսօրվա իշխանությանը, Մակունցը պատասխանեց. «Ես առաջարկում եմ ես այս պահին հավելյալ մեկնաբանություններ չանեմ այս թեմայով»: