Իոաննիսյանը ադրբեջանցի պատվիրակին արձագանքելու փոխարեն՝ իր ելույթի մեկ րոպեն նվիրեց ինձ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 23, 24News

Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր Վարշավայում «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպության անունից մասնակցել է ԵԱՀԿ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերին նվիրված տարեկան հանդիպմանը։

Հայաստանից մասնակցում էին քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Սիրանուշ Սահակյանը, Դանիել Իոաննիսյանը, Արթուր Սաքունցը, Նինա Կարապետյանցը եւ այլք։

«Հանդիպման ժամանակ հանդես եմ եկել ելույթով, որի հիմնական առանցքը դատական իշխանության խնդիրներն էին։ Պետք է նշեմ, որ մինչ Հայաստանի ներկայացուցիչները ելույթները, հանդես եկավ Ադրբեջանի ներկայացուցիչը՝ իր պարտքը համարելով անդրադառնալ ՀՀ-ում ստեղծված իրավիճակին եւ ժողովրդավարության դասեր տալ Հայաստանի Հանրապետությանը։ Ելույթիս ժամանակ արձագանքեցի նաեւ Ադրբեջանի ներկայացուցչին՝ խորհուրդ տալով մտորել սեփական երկրում ժողովրդավարության մասին։ (տես՝ ելույթի տեքստը) Ադրբեջանցի պատվիրակին հայկական կողմից հակադարձեց նաեւ Նինա Կարապետյանցը», - Facebook-ի իր էջում գրել է Հովհաննիսյանը։

Նա նշել է. «Հետաքրքրական է, որ Դանիել Իոաննիսյանը, որ ելույթ էր ունենում ինձնից անմիջապես հետո, իր 2,5 րոպեանոց ելույթի մեկ րոպեն նվիրեց ինձ՝ մեղադրելով Հայաստանի դատաիրավական համակարգի բոլոր հնարավոր արատների համար՝ դիտարկելով ինձ որպես անկախության երաշխավոր!! Իհարկե հասկանում եմ, թե երկրի ներսում նա ինչ օրակարգով է առաջնորդվում, բայց զարմանալի է, որ այդ նույն օրակարգը բերվում է երկրից դուրս։ Չարժե՞ր արդյոք ժամանակի գոնե տասը վայրկյանը ադրբեջանցի պատվիրակին արձագանքելուն տրամադրել՝ անհավասար բաժանելով իմ ու իր միջեւ՝ ի վնաս ինձ»։