Ինքնասպան է եղել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը

ԵՐԵՒԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐ,  24News

Հայկ հարությունյան

Բջնիում գտնվող սեփական ամառանոցում հայտնաբերվել է Հայաստանի նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխին հրազենային վնասվածքով։ Ինչպես 24News-ին հայտնեցին ոստիկանության լրատվականից՝ ըստ նախնական տարբերակի Հարությունյանը ինքնասպան է եղել իրեն պատկանող իբրև պարգև ստացած ատրճանակի միջոցով։ 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Ինքնասպանության հասցնելը»: Ի դեպ, վերջինս անցնում էր իբրև վկա «Մարտի 1»-ի գործով։ 

Հայկ Հարությունյանի մահվան կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև Քննչական կոմիտեն

ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքներ պարզելու ուղղությամբ:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին, ահազանգ է ստացվել, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, հրազեն և պարկուճ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: