Գեներալը պետք է ծառայի երկրին, ոչ թե իշխանությանը. Կոստանյանը՝ Վանեցյանի մասին.«Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Վանեցյան

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Բլից զրույց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության համալսարանի դասախոս Գևորգ Կոստանյանի հետ:

-Ի՞նչ կասեք ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի շուրջ ստեղծված  իրավիճակի մասին:

-Ծանոթ եմ հրաժարականի վերաբերյալ Արթուր Վանեցյանի և Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին: Ինքս որպես արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական (գեներալ-լեյտենանտ), շատ լավ հասկանում եմ, թե ինչ ի նկատի ունի Վանեցյանը, երբ, սպայի պատվին հղում կատարելով, մտահոգություն է հայտնում երկրի ճակատագրի մասին: Հավատացած եղեք, որ իր ամբողջ կյանքը ուսադիրների տակ անցկացրած մարդը, այն էլ ազգային անվտանգության սպան, երբեք հենց այնպես նման հայտարարություններ չի անում, պարզապես իր կարգավիճակը կաշկանդել է շատ բաների մասին խոսել հրապարակայնորեն, բայց որպես երկրի անվտանգության համար պատասխանատու անձ, զգուշացնել պարտավոր էր: Վանեցյանին ճանաչում եմ երկար տարիներ, որպես ազգային անվտանգության սպա, ինչպես նաև ծանոթ եմ վերջին շրջանում Հայաստանի սահմաններից դուրս, որպես ԱԱԾ տնօրեն նրա ձեռք բերած հեղինակությանը՝ նաև հետախուզության և հակահետախուզության մասով:

-Ի՞նչ էր Ձեր կարծիքով Փաշինյանի և Վանեցյաին հռետորաբանության  կոշտության պատճառը:

-Գիտեք Հայաստանում միշտ տպավորություն է եղել, որ բարձրաստիճան պաշտոնյան պետք է ծառայի իշխանությանը և այդ պատճառով եթե նման որևէ մեկը գործող իշխանությունից տարբերվող կարծիք է արտահայտել, համարվել է անընդունելի: Իհարկե շատ կան պաշտոնյաներ, որոնք տվյալ պահի իշխանությունների քիմքին հաճելի են գործում և գնահատվում են նաև այսօր: Բայց չպետք է մոռանալ, որ իշխանություններն անցողիկ են, իսկ Հայաստանը՝ հավերժ: Պատմությունն է ցույց տալու թե, ով ինչպես էր պաշտպանում Հայաստանի շահը ու իրականում ում ծառայությունն է օգուտ բերել Հայաստանին, իսկ ումը՝ վնասել: Իմ համոզմամբ, Վանեցյանը երբեք չի ծառայել որևէ իշխանության. ծառայել ծառայում և ծառայելու է պետութանը: Եվ ընդհանրապես, գենելարը և սպան՝ կլինի բանակում, թե իրավապահ մարմիններում, պետք է ծառայի ոչ թե իշխանությանը, այլ երկրին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: