Դուք կիսում եք Նիկոլի ռեժիմի ապօրինության պատասխանատվությունը․ Շարմազանովը՝ ընդդիմությանը

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Շարմազանով

Ֆեյսբուքյան էջում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հերթական գրառումն է արել՝ անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին։ Գրառումը՝ ստորև․

«Խորհրդարանական ընդդիմություն համարվող «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, թե կողմ է քվեարկելու Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու «Իմ Քայլի», իրականում՝ Նիկոլ Փաշինյանի հակապետական նախաձեռնությանը:

Պարոնայք ուրեմն ինչո՞ւ եք նեղսրտում, երբ ձեզ գրպանային ընդդիմություն են որակում: Թողեք էմոցիաները եւ հասկացեք, որ «Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երեւալու ջանքերը» քար են գցում ձեր կլասիկ ընդդիմադիր գլխին:

Այս նախաձեռնությանը կողմ կարող է լինել միայն Նիկոլի «դուդուկի տակ պարող» քաղաքական ուժը: Մի՛ նեղվեք, տղե՛րք, երբ կլասիցիզմը դուրս է նետում ձեզ քաղաքական ընդունված սահմանումներից՝ ձեր քիմքին անհաճո գնահատականներ սահմանելով «ընդդիմադիրներիդ» համար:

Դասական ընդդիմությունը իշխանությանն է քննադատում, այլ ոչ թե խոնարհ հարսի պես՝ լուռումունջ ու հլուհնազանդ, «այո» ասում իշխանության կողմից պետության դեմ կազմակերպվող արշավին

Այս պահից դուք կիսում եք Նիկոլի ռեժիմի ապօրինությունների քաղաքական պատասխանատվությունը»: