ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 24, 24News
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի բարձր մակարդակի միջոցառումների շաբաթը, որը կտևի մինչև սեպտեմբերի 30-ը, գրում է ria.ru-ն:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի տվյալներով՝ բարձր մակարդակի միջոցառումների շաբաթվա շրջանակում սպասվում է 196 պատվիրակությունների մասնակցություն, որոնց թվում կլինեն պետության 91 ղեկավարներ, 6 փոխնախագահներ, կառավարությունների 45 ղեկավարներ, 5 փոխվարչապետներ, 44 նախարարներ:
Նստաշրջանի շրջանակում նախատեսվում է ավելի քան 630 տարբեր հանդիպում: Ինչպես նշում են փորձագետները՝ նախատեսված են շուրջ 360 զուգահեռ միջոցառումներ. դրանցից 50-ը՝ կլիմայի, մոտ 30 հանդիպում՝ տարբեր հակամարտությունների վերաբերյալ:
Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ կունենա նստաշրջանի բարձր մակարդակի միջոցառումների շաբաթվա մեկնարկի օրը՝ սեպտեմբերի 24-ն: Ելույթ կունենա նաև Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի բարձր մակարդակի միջոցառումների շաբաթվա ընթացքում ելույթ կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նախատեսվում է, որ ի թիվս այլնի, ելույթներ կունենան նաև Ֆրանսիայի, Իրանի, Լիբիայի, Պաղեստինի, Լեհաստանի, Աֆղանստանի, Իրաքի և Թուրքիայի ղեկավարները:
Ելույթ ունեցողների ցանկում նշվում է նաև Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, որը, սակայն, հրաժարվել է նստաշրջանին մասնակցությունից: Նրա փոխարեն, ինչպես սպասվում է, սեպտեմբերի 26-ին ելույթ կունենա փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ կունենա սեպտեմբերի 25-ին: Նույն օրը, ըստ նախնական հաղորդման, ելույթ կունենա նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Բացի այդ, ՄԱԿ-ի ամբիոնից, ըստ ծրագրի, պետք է ելույթ ունենան Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Ղազախստանի առաջնորդ Քասիմ Ժոմարտ Տոկաևը:
Սիրիան, ինչպես նշված է ծրագրում, կներկայացվի վարչապետի տեղակալի մակարդակով։ Միջոցառմանը սպասվում է նաև Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի մասնակցությունը։