«Իմ քայլը»-ը նախատեսում է ՍԴ նախագահին հանել և Հրայր Թովմասյանի փոխարեն այլ մարդու բերել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 24, 24News

սերգեյ բագրատյան

«Իմ քայլը» դաշինքն իրականում ցանկանում է հանել Սահմանադրական դատարանի ղեկավարին: Սեպտեմբերի 24-ին այս մասին Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում ՍԴ դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման մասին ՍԴ-ին հղվող դիմումի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նրա խոսքով՝ հանրության շրջանում վաղուց կարծիք է ձեւավորվել, որ ՍԴ-ն ոչ մի վստահություն չի ներշնչում:

«Սրա հետ կապված հարց է առաջանում: Ինչո՞ւ ենք կարծում, որ ՍԴ նախագահին փոխելով՝ իրականացնում ենք ինչ-որ լուրջ փոփոխություն: Մի՞թե ավելի ճիշտ չէր լինի խնդրին ինստիտուցիոնալ լուծում տալ»,- շեշտեց Բագրատյանը:

Ընդ որում՝ նա նշեց, որ «Իմ քայլը» դաշինքն, ըստ էության, նախատեսում է հանել ՍԴ նախագահին՝ այս պաշտոնին նշանակելով այլ մարդու:

Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը չհամաձայնվեց այս պնդմանը եւ Բագրատյանին հավաստիացրեց, որ իրենք Թովմասյանի տեղում այլ ղեկավարի բերելու մտադրություն չունեին: