Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 24, 24News

Արարատ ԵԱՀԿ

Ազգային ժողովի լրատվության բաժնից տեղեկացնում են, որ Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ:

Գեորգի Ծերեթելին բարձր է գնահատել Ազգային ժողովի պատվիրակության ակտիվ մասնակցությունը ԵԱՀԿ ԽՎ աշխատանքներին:

ՀՀ ԱԺ նախագահը զրուցակցին առաջարկել է քննարկել Հայաստանում ԵԱՀԿ ԽՎ տարաբնույթ միջոցառումներ անցկացնելու հնարավորությունը, որոնք ուղղված կլինեն խորհրդարանի կարողությունների եւ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, օրինաստեղծ գործունեությանը, քաղաքացիական հասարակության մասնակցայնության ապահովման արդյունավետ մեխանիզմների ներդրմանը:

Վերահաստատելով Գեորգի Ծերեթելիի՝ Երեւան այցելելու իր հրավերը` Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ այն հիանալի առիթ կծառայի քննարկելու ոչ միայն երկկողմ, այլեւ տարածաշրջանային կարեւորության հարցեր: