Հայկ Հարությունյանն այսօր պետք է կրկի՞ն հարցաքննվեր

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Հայկ

Հրազենային վնասվածքից մահացած նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը Մարտի 1-ի գործով հարցաքննվել է որպես վկա։ 24News-ին այդ մասին տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Հարցին՝ այսօր Հայկ Հարությունյանը պետք է կրկի՞ն հարցաքննվեր, մամուլի խոսնակը պատասխանեց․ «Այլ մանրմասներ չենք կարող հայտնել»։

Նշենք, որ Հայկ Հարությունյանը ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրել է 2003-2008 թվականներին։ Մարտի 1-ի գործով նախկին ոստիկանապետը մի քանի անգամ հարցաքննվել էր։

Հիշեցնենք, որ 2019 թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:50-ին, ՀՀ ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղի իր ամառանոցում մահացել է Հայկ Հարությունյանը:

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և Բջնի գյուղի Ամառանոցային թաղամասի ամառանոցային առանձնատան հյուրասենյակում հայտնաբերել Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: