Առգրավվել են Հայկ Հարությունյանի տան տեսախցիկները, որևէ անձ մուտք չի գործել տուն․ ՔԿ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

1

ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի փաստով հարուցված քրգործով առգրավվել է Բջնի գյուղում գտնվող՝ նրա տան մուտքը տեսանկարահանող տեսախցիկները։ Այդ մասին տեղեկացնում է ՔԿ լրատվական ծառայությունը:

Ըստ աղբյուրի՝ տեսագրությունը ենթարկվել է զննության: Դեպքին նախորդող օրվա ընթացքում որևէ անձ, բացի առանձնատանը գտնվող երկու անձից, բնակարան մուտք չի գործել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:50-ին, ՀՀ ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղում գտնվող իր ամառանոցում մահացել է Հայկ Հարությունյանը:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և Բջնի գյուղի Ամառանոցային թաղամասում գտնվող, իրեն պատկանող ամառանոցային առանձնատան հյուրասենյակում հայտնաբերել Հայկ Հարությունյանի դիակը՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:

Դեպքի փաստով ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ, դիակի կողքին հայտնաբերվել են «ПМС» տեսակի ատրճանակ և պարկուճ, հարցաքննվել են վկաներ:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հայկ Հարությունյանը դեպքին նախորդող ժամանակահատվածում օգտագործել է զգալի քանակությամբ ալկոհոլ: