Առաջինն ենք ստորագրում միջազգային առևտրի կենտրոնի հետ այս հուշագիրը․ էկոնոմիկայի նախարար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

1

Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է «Հայաստան-Լոս Անջելես» գործարար համաժողովին։  Այս մասին հայտնում են նախարարության լրատվական բաժնից:

Համաժողովին մասնակցել են 250-ից ավելի ներկայացուցիչներ՝ Կալիֆորնիայի գործարար համայնքի բազմաթիվ անդամներ, Լոս Անջելեսի գործարար շրջանակների շահերը ներկայացնող կառույցների ղեկավարներ և աշխատակիցներ, ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներ։

Համաժողովին ելույթով հանդես է եկել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և ներկայացրել Հայաստանի տնտեսության առաջնահերթությունները, տնտեսական աճի ընթացիկ դինամիկան, ներդրումային միջավայրը։  

Հայաստան-Լոս Անջելես գործարար համաժողովի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու Լոս Անջելեսի համաշխարհային առևտրի կենտրոնի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրի շրջանակում Հայաստանը և Լոս Անջելեսը կզարգացնեն համագործակցությունը Հարավային Կալիֆորնիայի և Հայաստանի Հանրապետության միջև  առևտրային կապերն ընդլայնելու նպատակով, կիրականացնեն փորձի փոխանակում, կհամագործակցեն մասնավոր ընկերությունների միջև կանոնավոր փոխգործակցության և հաղորդակցության ապահովման ուղղությամբ։

«Հուշագիրը փոխադարձ առևտուրը զարգացնելու մասին է, և այն փաստը, որ առաջինը մենք ենք ստորագրում միջազգային առևտրի կենտրոնի հետ այս հուշագիրը, նշանակում է, որ ունենք տնտեսական հարաբերությունները խորացնելու լայն հնարավորություններ, և այդ առևտրային համագործակցությունն այնուհետև տարածաշրջանային մակարդակով խթանելու հնարավություն», - նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։