Հայաստանի և Թունիսի արտգործնախարարները համագործակցային հարցեր են քննարկել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 25, 24News

թունիսի ԱԳ նախարար

Սեպտեմբերի 24-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Թունիսի ԱԳ նախարար Խեմայիս Ջինաուի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

Հայաստանի և Թունիսի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը համատեղ ջանքերով նպաստել առկա օրակարգի ընդլայնմանը և ամրապնդմանը: Այդ առնչությամբ առանձնահատուկ կարևորվել է երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կանոնավոր քաղաքական խորհրդակցությունների անցկացման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: 

Հայաստանի և Թունիսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից անդրադարձ են կատարել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ որպես ֆրանկոֆոն արժեքները կիսող պետությունների միջև համագործակցությունն ապահովող արդյունավետ հարթակի գործունեությանը և մտքեր են փոխանակել հաջորդ տարի Թունիսում կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ որպես Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահող երկիր՝ Հայաստանը մեծապես կարևորում է ՖՄԿ սերտ համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Եվրոպայի խորհուրդը:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իր թունիսցի գործընկերոջը ներկայացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների, սմարթ զարգացման, ստեղծարար կրթության և նորարարության ոլորտներում Հայաստանի ձեռքբերումները՝ կարևորելով տվյալ ուղղություններով փոխգործակցության ներուժի լիակատար իրացման ուղղությամբ անմիջական շահառուների ներգրավմամբ ծրագրերի իրականացումը։

Զոհրաբ Մնացականյանը և Խեմայիս Ջինաուն գոհունակություն են հայտնել միջազգային և տարածաշրջանային կառույցներում հաստատված արդյունավետ համագործակցության և փոխադարձ աջակցության առնչությամբ։