Վթար՝ Արշալույս գյուղի սկզբնամասում․ BMW-ն մխրճվել է ՊՆ-ի ГАЗ 66-ի մեջ․ կա 5 վիրավոր

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

մեքենա

Սեպտեմբերի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։40-ի սահմանում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի Արշալույս գյուղի վարչական տարածքում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ГАЗ 66 մակնիշի ՊՆ ավտոմեքենայի հետնամասին։ Այդ մասին հայտնում է  shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 4-ը Վաղարշապատի, 1-ը՝ «Մեծամոր» բժշկական կենտրոններ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ ՊՆ և Արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողները։ Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել Վաղարշապատի հրշեջ-փրկարարները։

Աղբյուրը հայտնում է, որ ГАЗ 66-ը հաշվառված է ՊՆ հաշվեկշռում, և ավտոմեքենան թույլատրելի տեղում կայանված է եղել և ոչ մի խոչընդոտ չի ստեղծել վարորդների համար, սակայն BMW-ն մեծ արագությամբ դեպի Արմավիր ընթանալիս, մխրճվել է 66-ի մեջ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։