Հայկ Հարությունյանը պիտի հրավիրվեր դատարան ցուցմունք տալու, որի հնարավարությունն այլևս չկա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

«Հրազենային կրակոցից մահացած ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի նկատմամբ ճնշումների մասին լսելիս, ցանկացած ողջամիտ մարդ հասկացել է, թե ինչ պատվերի իրացման մասին է խոսքը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ճնշումներ եղել են դատախազության, կամ Հատուկ քննչական ծառայության կողմից Հայկ Հարությունյանի վրա։

«Ինձ ճանաչող ամեն մարդ գիտի, որ դա անհնար է, իսկ գլխավոր դատախազի պաշտոնը իրավական ու բարոյական առումով այդպիսի բան թույլ չի տալիս»,-ասաց նա։

Արթուր Դավթյանը նշեց, որ Հայկ Հարությունյանը մարտի 1-ի գործով վկա էր և դատարանում պետք է վկայություն տար, ինչը դարձավ անհնարին։

Հարցին, թե ի՞նչ է արվում, որ պաշտպանվեն մարտի 1-ի գործով մյուս վկաների անվտանգությունը, ՀՀ գլխավոր դատախազը պատասխանեց․ «Դա կարևոր խնդիր է, պետք է զարգացնենք այդ ինստիտուտը, գործնականում բազմաթիվ խնդիրներ կան։ Օրենսդրական նախաձեռնությունը կա այդ հարցի կարգավորման շուրջ, բայց պետք է նյութական ու տեխնիկական բազա»։

Նշենք, որ Հայկ Հարությունյանը ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրել է 2003-2008 թվականներին։

Հիշեցնենք, որ 2019 թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:50-ին, ՀՀ ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղում գտնվող իր ամառանոցում մահացել է Հայկ Հարությունյանը: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և Բջնի գյուղի Ամառանոցային թաղամասում գտնվող, իրեն պատկանող ամառանոցային առանձնատան հյուրասենյակում հայտնաբերել Հայկ Հարությունյանի դիակը՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: