ՊԵԿ-ը Իրանի քաղաքացու ուղեբեռում հայտնաբերել է 5.5կգ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

թմրանյութ

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն օրերս կանխել է հանրապետության սահմանով թմրամիջոցների անօրինական տեղափոխման հերթական փորձը:

«Վարչության աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանային անցակետում զննության են ենթարկել Հայաստան ժամանած Իրանի քաղաքացի Շ.Ս.-ի ուղեբեռը: Արդյունքում նրա ճամփորդական պայուսակում  ներկառուցված կողամասում հայտնաբերվել է 5.5կգ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող սպիտակ, բյուրեղանման զանգված:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերով՝ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Իրանի քաղաքացին կալանավորվել է: