ՔԿԾ պետը շրջայց է կատարել «Վարդաշեն» ՔԿՀ-ում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

1

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներ աշխատանքային այցերի շրջանակներում սեպտեմբերի 25-ին քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը ծառայության պետի տեղակալներ, արդարադատության գնդապետներ Վարդգես Ծաղիկյանի և Ռոբերտ Մինասյանի ուղեկցությամբ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում էր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, շրջելով հիմնարկի բնակելի ողջ տարածքում, հանձնուքների ընդունման և տեսակցությունների սենյակներում, ճաշարանում՝ ծառայության պետը վարչակազմի ուշադրությունը հրավիրել է հատկապես հիմնարկի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման և աղբահանության խնդիրների վրա: Շրջայցի ընթացքում զրուցել է նաև հայ և օտարերկրացի ազատազրկված անձանց հետ, որոնք, ի թիվս այլ հարցերի, բարձրացրել են ուղղիչ հիմնարկների տեսակները փոխելու խնդիրը:

Աշխատանքային այցն ավարտվել է խորհրդակցությամբ, որի ընթացքում ծառայության պետի կողմից տրվել են կոնկրետ հանձնարարականներ՝ արձանագրված թերությունները վերացնելու, անձնակազմի և ազատազրկված անձանց կողմից բարձրացված հարցերին հնարավորինս սեղմ ժամկետներում լուծումներ տալու ուղղությամբ: Իրավասու պաշտոնատար անձանց հանձնարարվել է նաև յուրաքանչյուր խնդրի լուծման դեպքում դրսևորել անհատական մոտեցում և մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունքում վերանայել կայացված որոշումները:

Նույն օրը Արթուր Գոյունյանն այցելել է նաև նախկին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի տարածք, որտեղ ներկայում տեղակայված են քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման, ուղեկցումների և հատուկ նշանակության ստորաբաժանումները: Ծանոթացել է ծառայողների աշխատանքային պայմաններին, ղեկավար անձնակազմի հետ քննարկել դրանց բարելավմանն ուղղված միջոցառումները։