«Դիմումը գրեք և արագ հեռացեք»․ ըստ Սոնա Աղեկյանի՝ «Սանիթեք»-ի աշխատակիցներին սպառնացել են

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

«Սանիթեք» ընկերության աշխատակիցների և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանի բողոքի ակցիան քաղաքապետարանի դիմաց շարունակվել է նաև այսօր։ Ցուցարարները պահանջել են խնդրին լուծում տալ, հակառակ պարագայում բողոքի ակցիաները կշարունակվեն։

Սոնա Աղեկյանը նաև տեղեկացրել է, որ նախօրեի նստացույցից հետո քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող աղբահանության հիմնարկից սպառնացել են «Սանիթեքի» նախկին աշխատակիցներին:

«Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող աղբահանության և սանմաքրման հիմնարկում այսօր առավոտյան, կոնկրետ Կենտրոնի, Արաբկիրի վերահսկողները, «Սանիթեք» ընկերության աշխատակիցներին, որոնք «Սանիթեքից» դուրս են եկել և աշխատում են աղբահանության պետական հիմնարկում, ասել են՝ եթե հանկարծ փորձեք մասնակցել քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցող ակցիաներին, ավելի լավ է, եկեք, դիմումը գրեք և արագ հեռացեք»,- ասել է Սոնա Աղեկյանը:

Նախաձեռնության ղեկավարը ցույցի վայրից տեսանյութ է հրապարակել նաև ֆեյսբուքյան էջում և գրել․ «Սա մեր ամոթն է․ դառը քրտինքով վաստակած աշխատավարձի գումարի համար պայքար»։

Սոնա Աղեկյանը նաև հայտարարել է, որ պարտավորեցնում են Երևանի քաղաքապետարանին, որ այսօր, առավելագույնը վաղը վճարեն քաղաքացիների աշխատավարձը՝ փոխանցելով անհրաժեշտ գումարը՝ 132 միլիոն դրամը։

Ցուցարարներն այսօր չեն պահանջել քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպում՝ պատճառաբանելով, թե նախորդ օրերին քաղաքապետն ապացուցել է, որ հարգանք չունի այն անձանց հանդեպ, որոնք իրեն էին ընտրել, և չեկավ հանդիպելու նրանց հետ։