ԵԱՏՄ-ում տաքսի ավտոմեքենաների և վարորդների միասնական գրանցամատյան կստեղծվի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

1

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Հայաստանը մտադիր են տաքսի ավտոմեքենաների և վարորդների միասնական գրանցամատյան ստեղծել։

Խոսքը վարորդների թվային գրանցման մասին է, գրում է Известия-ն։ Այս գաղափարն արդեն հավանության է արժանացել ԵԱՏՄ Գործարար խորհրդի կողմից, և նոյեմբերին առաջարկը կներկայացվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովին: Մինչ այդ առաջարկը կքննարկվի սեպտեմբերի 27-ին Բիշքեկում կայանալիք «Եվրասիական շաբաթ» համաժողովում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ներկայում ԱՊՀ քաղաքացիների վարորդական իրավունքների իսկությունն ստուգելը գրեթե անհնար է, այդ իսկ պատճառով տաքսի ծառայությունները ցանկանում են փողոցներն ազատել կեղծ իրավունքով երթևեկող վարորդներից, ինչպես նաև մեծացնել երթևեկության անվտանգությունը: Նշվում է, որ Մոսկվայում տաքսու վարորդների 60 տոկոսն արտասահմանցիներ են:

Ռուսաստանում կոմերցիոն փոխադրումներ անելու իրավունք ունեն արտասահմանյան վարորդական իրավունքով երթևեկող վարորդները, եթե իրենց հայրենի երկրում ռուսերենը պետական լեզու է: ԵԱՏՄ բոլոր երկրներից միայն Հայաստանը չի համապատասխանում այդ պահանջին, և հայկական վարորդական իրավունքով վարորդները ՌԴ-ում կոմերցիոն փոխադրումներ կատարել չեն կարող: