Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ժակ Շիրակի ընտանիքին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 26, 24News

.

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի ընտանիքին․

«Մեծ ցավով և տխրությամբ տեղեկացա Ձեր ընտանիքի կորստի՝ Ժակ Շիրակի մահվան մասին։

Լինելով կարկառուն քաղաքական գործիչ և անհատականություն՝ Ժակ Շիրակը իր գործունեությամբ հայրենասիրության, նվիրվածության, անկոտրում ոգու, համառության ու մեծագույն պատասխանատվության օրինակ էր։ Նրա մահը մեծ կորուստ է Ֆրանսիայի համար, որին նա նվիրել էր իր կյանքը։

Ժակ Շիրակի անունը և գործերը մշտապես կմնան մեր հիշողության մեջ և սրտերում՝ որպես հայ ժողովրդի ու Հայաստանի սրտացավ բարեկամի։

Ձեր այս խորը վշտի պահին հիշեք, որ դուք մենակ չեք, և ընդունեք իմ անկեղծ ցավակցությունը Ձեր ընտանիքին»։