ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 27, 24News
Սեպտեմբերի 26-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, հայտնում է փոխվարչապետի գրասենյակը։
Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, շնորհավորել է դեսպանին և նշել, որ հայերը և չինացիներն առնչություններ են ունեցել դեռևս վաղ անցյալում, և hայ-չինական բարեկամական հարաբերություններն անցել են ժամանակի քննությունն ու դրանց մշտապես հատուկ է եղել փոխադարձ վստահությունն ու հարգանքը:
Ավինյանի խոսքով՝ Չինաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկն է և մշտապես իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:
Փոխվարչապետն իր խոսքում նշել է նաև, որ Հայաստանի համար մեծ հետաքրքրություն է ներկայացում ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնությունը և դրա շրջանակներում տարաբնույթ համագործակցության հնարավորությունները և որ Հայաստանը պատրաստ է ակտիվ ջանքեր գործադրելու բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդումն ու զարգացումն ապահովելու համար: