Ամուլսարի վերաբերյալ քրգործով ի հայտ են եկել նոր տեղեկություններ. Քննչական խմբի ղեկավար

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Ամուլսար

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Արսեն Այվազյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ամուլսարի վերաբերյալ քրգործի նախաքննությունը շարունակվում է, քանի որ վերջին շրջանում ի հայտ են եկել նոր տեղեկություններ։

Հարցին՝ արդյոք ի հայտ եկած նոր տեղեկությունները կարո՞ղ են լինել քննչական խմբի նախկին ղեկավար Յուրա Իվանյանի կողմից թաքցրած տեղեկությունները, Այվազյանը հստակ չի պատասխանել։

«Թույլ տվեք այս պահին իրավական գնահատականներ չտալ։ Պարզապես կարող եմ ասել, որ նախաքննությունը շարունակվում է, որի հիման վրա առաջիկայում հստակ տեղեկություն կփոխանցվի»,-ասել է Արսեն Այվազյանը, ապապ հավելել, որ որպես նոր տեղեկություն դիտարկվում է Շրջակա միջավայրի նախարարության կողմից Քննչական կոմիտե ուղարկված գրությունը։ 

«Այդ գրության մեջ առկա են նոր տեղեկություններ, նոր տվյալներ, որոնք անհրաժեշտ են քրգործը ընդհանրության մեջ դիտարկել», - ասել է Այվազյանը և չի բացառել, որ նոր փորձաքննություն իրականացվի։

Արսեն Այվազյանը վերջերս է նշանակվել այս գործով քննչական խմբի ղեկավար, նախքան այդ քննչական խումբը ղեկավարում էր Յուրա Իվանյանը, որը, ինչպես լրագրողների հետաքննությունն էր պարզել, բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի ազգականն է։ Հենց այդ նախարարն էր 2016-ին հաստատել հանքի շահագործման փորձաքննական եզրակացությունը:

Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել էր քրգործ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի փաստով։