Հայկ Մարությանը հարմարվել է Տարոն Մարգարյանի «կոստյումին». Խաժակյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 27, 24News

դավիթ խաժակյան

Երևան քաղաքում ՏԻՄ կառավարման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ էինք նախատեսել 10 կետով, որոնցից միայն մեկն է ընդունել կառավարությունը։ Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նման հայտարարություն արեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Դեռևս 2018 թ. Տարոն Մարգարյանն օրենքում փոփոխություններ նախատեսեց, ըստ որի, սահմանափակում է ավագանու լիազորությունները մի շարք հարցերում։ Այն ժամանակ դեռևս «Ելք» խմբակցությունը բողոքեց այս փոփոխություններից, և մենք լիահույս էինք, որ իշխանության փոփոխության պարագայում կլիներ փոփոխություն Երևան քաղաքում ՏԻՄ կառավարման մասին ՀՀ օրենքում»,- ասաց նա։

Սամսոնյանի խոսքով՝ Երևանի դեռևս նախորդ ավագանու «Ելք» խմբակցությունն ամփոփել էր առաջարկներն ու ներկայացրել այդ ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, հավելեց, որ իրենց ներկայացրած փոփոխությունները պետք է լիներ «Ելք»-ի ամբողջական տարբերակը։

«Տեղական հանրաքվեն կարող էին նախաձեռել խմբակցությունները, սակայն Տարոն Մարգարյանի առաջարկով օրենքը փոխվեց, իսկ ԱԺ ՀՀԿ մեծամասնությունը հաստատեց: Նույնը հիմա է, կառավարությունը մերժում է այն, ինչ այն ժամանակ ասում էինք, որ մի զրկեք մեզ այդ հնարավորությունից։ Հիմա, կարծես, Հայկ Մարությանը հարմարվել է Տարոն Մարգարյանի «կոստյումին»»,- ասաց  Դավիթ Խաժակյանը։

Վերջինս հիշեց, որ նախկինում, ընդդիմության քվոտայի համաձայն, Երևանի քաղաքապետարանի հանձնաժողովներից մեկն ընդդիմությանն էր պատկանում։

«Այդ ժամանակ հանձնաժողովի նախագահն առանց հանձնաժողովի մեծամասնության  որոշման հնարավորություն չուներ զեկուցողի հրավիրել հանձնաժողովի նիստին։ Սա մի կողմից տեխնիկական, մյուս կողմից քաղաքական խնդիր էր, քանի որ Տարոն Մարգարյանը կարծում էր, թե մենք չգիտեմ ում ենք բերելու զեկուցման։ Հիմա ցանկացանք օրենքով փոփոխություն անել, բայց մերժեցին, ընդ որում, ներկայիս հանձնաժողովի նախագահներն ու անդամները «Իմ քայլը» խմբակցության անդամներ են»,- շարունակեց Դավիթ Խաժակյանը։

Անի Սամսոնյան էլ շեշտեց, որ ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանը նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի նման խուսափում է հանդիպել Երևանի ավագանու անդամներին, քանի որ չի ցանկանում օրենքով ամրագրել  ավագանու հետ հանդիպումները։

Մանրամասները՝ տեսանյութում։