Վախճանվել է նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ Վան Խաչատուրը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 27, 24News

Վան Խաչատուր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին, 93 տարեկանում կյանքից հեռացել է նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, արվեստաբան Վան Խաչատուրը:

Վան Խաչատուրը (Վանիկ Հակոբի Խաչատրյան) ժամանակակից հայ մոնումենտալ գեղանկարչության հիմնադիրն է: Ծնվել է 1926 թվականին, Բաքվում: Սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում: 1984 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1991 թվականին իր ստեղծագործական ժառանգությունը՝ ավելի քան երկու հազար աշխատանք (կտավներ, քանդակներ, ճարտարապետական նախագծեր, տարածական նկարչություն, գրաֆիկական գործեր), Վան Խաչատուրը նվիրաբերել է Հայաստանին։ Հեղինակն է Մատենադարանի խճանկարի և որմնանկարների:

Ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում Վան Խաչատուրն իր առջև դրել է բազմաթիվ գեղարվեստական խնդիրներ, այդ թվում՝ հայկական ժամանակակից գեղանկարչության և ճարտարապետության սինթեզի նորովի լուծման խնդիրը:

2011 թվականին Վան Խաչատուրն արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի:
Վան Խաչատուրի պայծառ հիշատակը երկար կմնա արվեստասեր հասարակության, հարազատների և գործընկերների սրտերում: