Իրազեկման ակցիա․ «ՎԵՏՕ»-ն կոչ կանի ԵԱՏՄ երկրների գործընկերներին լինել զգոն

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Վետո

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ին, Մատենադարանի դիմաց իրազեկման ակցիա է իրականացնելու: Այդ մասին նշվում է տարածված հայտարարության մեջ։

«Ամիսներ շարունակ «ՎԵՏՕ» նախաձեռնությունն իրականացնում է ակցիաների շարք՝ միտված օտարերկրյա գործակալական ցանցի լյուստրացիային և Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գրասենյակի փակմանը:

Շուրջ 22 տարի է, ինչ այս հիմնադրամն՝ իր հավաքագրած արտասահմանյան գործակալական ցանցի միջոցով ֆինանսավորում է ապազգային ու հակապետական մտածողությամբ մարդկանց։ Այս սինդիկատը, ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորման միջոցով, իր ազդեցության տակ է պահում մի շարք ԶԼՄ-ներ, որոնց օգնությամբ տեղեկատվական մանիպուլյացիաների միջոցով հերոսացնում է մարդասպաններին, ծանր հանցագործներին, հետևողականորեն վարկաբեկում է պետության հիմնասյուները՝ իրավական, կրթական համակարգերը, ուժային կառույցները, այդ թվում՝ բանակը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ նպատակ ունենալով քանդել մեր պետականության հիմքերը, ոչնչացնել արժեհամակարգային խարիսխները:

Սորոսի գրասենյակը՝ վճարված արտաքին ազդեցության գործակալների միջոցով ձևավորել է օտար օրակարգն առաջ տանող վարձու մարդկանց խումբ, ովքեր իրենց կոչում են քաղաքացիական հասարակություն, և հիմա արդեն պատկառելի ներկայացվածություն ունեն նաև ՀՀ Ազգային ժողովում ու կառավարությունում:

Սորոսականներն իրենց գործունեությունն այսօր կենտրոնացրել են մեր հանրության շրջանում ատելության և անվստահության տարածման ու խորացման ուղղությամբ՝ հետևողականորեն հրահրելով քաղաքացիական բախումներ: Սուտը, կեղծիքը, բռնությունը, հալածանքը, հետապնդումները, հանրության պառակտումը, քաղաքացիական բախումները նրանց սիրելի գործիքակազմն են։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ջորջ Սորոսի բաց հասարակությունների կեղծ գաղափարը ոչնչացման սպառնալիք է ոչ միայն մեր պետականության համար, այլև դամոկլյան սրի պես կախված է տարածաշրջանի բոլոր երկրների գլխին՝ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումն իրականացնելու է ակցիա՝ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին և պատվիրակություններին Սորոսի վտանգի մասին իրազեկելու նպատակով:

Կոչ ենք անում ԵԱՏՄ անդամ երկրների մեր գործընկերներին՝ լինել զգոն, իրենց երկրներում ևս բացահայտել օտարերկրյա գործակալներին և սահմանափակել պետությունը կազմաքանդող նրանց գործունեությունը, իսկ մեր օրակարգը կիսող բոլոր քաղաքական, հասարակական ուժերին և մտահոգ անհատներին՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 11:00-ին Մատենադարանի դիմաց միանալ մեր ակցիային»։