ԱՄՀ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին բարեփոխումների շրջանակում. Արվանիտիսը՝ Ջանջուղազյանին

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

ֆինանսների

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխտնօրեն Աթանասիոս Արվանիտիսի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2019 թ. ընթացիկ և սպասվող հարկաբյուջետային զարգացումները, 2020 թ. պետական բյուջեի կանխատեսումները, 2020 թ.-ից ուժի մեջ մտնող եւ սպասվող հարկային բարեփոխումները, ինչպես նաեւ պետական ներդրումների կառավարմանն ու պետական պարտքի կառավարման ռազմավարությանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ-ի եւ ԱՄՀ-ի միջեւ համագործակցության եռամյա ծրագրում ներառված բարեփոխումների օրակարգին եւ դրանց ընթացքին:

Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով պետական բյուջեի զարգացումներն ու կանխատեսումները, նշել է, որ ՀՀ կառավարությունը թիրախավորել է աստիճանաբար բարձրացնել կապիտալ ծախսերի դերը եւ դրա միջոցով հիմքեր ստեղծել երկարաժամկետ տնտեսական աճի ու հետագա ավելի բարձր եկամուտների համար, որոնք թույլ կտան արդյունավետորեն սպասարկել նաեւ ընթացիկ պարտավորությունները:

Նախարարը ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է տնտեսական զարգացմանը միտված հարկային բարեփոխումների օրակարգը: Նա բարձր է գնահատել ԱՄՀ-ի դերը ՀՀ մակրոտնտեսական կայունության ապահովման եւ ՀՀ կառավարության բարեփոխումների իրականացման գործընթացում:

Աթանասիոս Արվանիտիսի խոսքով՝ եռամյա ծրագրի հիմնական թիրախների եւ բարեփոխումների օրակարգի իրականացումը հիմնականում արդյունավետ է ընթանում  եւ ԱՄՀ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին այդ բարեփոխումների շրջանակներում: Նա հույս է հայտնել, որ ծրագրի բարեփոխումների օրակարգը փոխադարձ համագործակցության ներքո կընթանա պլանավորվածին համահունչ: