Փաշինյանը հույս է հայտնել՝ ԵՊՀ-ն 10 տարում տեղ կգտնի աշխարհի 500 ուժեղագույն բուհերի թվում

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ ուզում է հավատալ՝ նոր ժամանակները կլինեն ԵՊՀ-ի վերածննդի ժամանակներ:

«Որովհետև ԵՊՀ-ն ինչպես եղել, այնպես էլ պետք է շարունակի մնալ ՀՀ-ում մտքի, գաղափարների գեներացման հիմնական տեղն ու հարթակը, որովհետև նոր ժամանակներում ազատությունը, ստեղծագործականությունը, արդարությունը, մտքի զարգացումը նույնքան պահանջված են, ինչքան պահանջված էին մեր ժողովրդի 20–րդ դարի կյանքի ընթացքում»,-ասել է Փաշինյանը և մաղթել համատեղ աշխատանքի միջոցով ի վիճակի լինեն վերականգնել ԵՊՀ-ի երբեմնի փառքը, երբեմնի մեծությունը:

«ԵՊՀ-ն պետք է դառնա ՀՀ-ի բոլոր կառավարությունների ամենակարևոր փորձագիտական հենարանը: Ուզում եմ, որ դնենք ԵՊՀ-ի միջազգայնացման խնդիր, որ պետք է դառնա այնպիսի մի բուհ, որն աշխարհին շատ բան ունենա առաջարկելու և բաց լինի աշխարհից վերցնելու նորական գաղափարներ և ապահովել կրթական համակարգի հետագա զարգացումը»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետը հույս է հայտնել, որ ԵՊՀ-ն առաջիկա 10 տարում պետք է տեղ գտնի աշխարհի ուժեղագույն 500 համալսարանների վարկանիշային աղյուսակում։

«Սա մի խնդիր է, որի լուծման համար բոլորս պետք է մեկտեղվենք, և ԵՊՀ-ն վերստին դարձնենք մտքի, գաղափարների ստեղծագործականության առաջատար ուժ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: