Զոհրաբ Մնացականյանն արտգործնախարարներին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի վերջին զարգացումները

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

.

ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որին մասնակցել է նաև Հայաստանի ԱԳ նախարարը, հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։ 

Արտգործնախարարները մտքեր են փոխանակել ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի և դրանց վերաբերյալ ՀԱՊԿ անդամ-պետությունների դիրքորոշումների համադրման, նրանց կողմից առաջ քաշված նախաձեռնությունների և վերջիններիս փոխադարձ սատարման շուրջ: ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարներն անդրադարձել են կազմակերպության շրջանակում ընթացող աշխատանքներին և գործընթացներին:

Անդրադառնալով բազմակողմ դիվանագիտության դերին և նշանակությանը՝ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները պայմանավորվել են առավել գործնական ջանքեր գործադրել՝ միջազգային հարթակներում անդամ-պետությունների միջև համագործակցության և փոխադարձ աջակցության սերտացման ուղղությամբ: 

Նախարար Մնացականյանն արտգործնախարարների ուշադրությանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում վերջին զարգացումները և սեպտեմբերի 23-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդության և մասնակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպումը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է ՀԱՊԿ անդամ երկրների միասնական մոտեցումը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանման և ամրապնդման գործում՝ այդ թվում ռազմաքաղաքական հավասարակշռությունը չխախտելու միջոցով:

Հանդիպման ավարտին ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարներն ընդունելե ն երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի 80-ամյակի կապակցությամբ ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հայտարարությունը: