Գ. Խաչատրյանի պաշտպանները դատավորին կարգապահական պատասխանատվոթյան հաղորդում են ներկայացրել

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

.

Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել, ակնհայտ և կոպիտ խախտումներ։ Պաշտպաններն արդեն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հաղորդում են ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարին և Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովին։ Այս մասին այսօր Վերաքննիչ դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը՝ նշելով:

Ըստ Երեմ Սարգսյանի, երբ անձին ներկայացնում են կալանավորման միջնորդություն, պարտադիր պետք է դատարանին ներկայացվեն նյութեր, որոնց հիման վրա դատարանը կարող է ողջամիտ ենթադրություն անել՝ արդյո՞ք այն մեղադրանքը, որ անձին ներկայացվում է, ինքը կապ ունի՞ այդ մեղադրանքների հետ։ Սա պարտադիր պայմանի նվազագույն շեմ է, որ դատարանը պետք է հաստատի, որ կարողանան անձին կալանավորել։

«Պետք է անձերից վեր կանգնեն, դատարանը չի կարողացել անձերից վեր կանգնել»,-նշեց Երեմ Սարգսյանը՝ ընդգծելով, որ Գագիկ Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Պաշտպանը տեղեկացրեց նաև, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի որոշմամբ կալանք է դրվել Գագիկ Խաչատրյանի գույքի վրա։

Նշենք, որ Վերաքննիչը որոշումը կհրապարակի երկուշաբթի օրը` ժամը 09։30-ին։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019 թվականի օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։

Նույն օրը՝ խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։