ՊԵԿ-ի շունը ԱՊՀ Մաքսային ծառայության կինոլոգիական կենտրոնների միջև մրցույթում 2-րդն էր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

1

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժինն այս անգամ ևս մասնակցեց Ռուսաստանի Դաշնությունում ԱՊՀ երկրների Մաքսային ծառայության կինոլոգիական կենտրոնների միջև կազմակերպված ամենամյա մրցույթին:

Շնագիտական կենտրոնի մաքսային տեսուչ Ալբերտ Մխիթարյանի և բելգիական հովվաշուն Կիռայի համար մրցութային մեկնարկը հաջող սկսվեց: Թեթև մարդատար ավտոմեքենայում թմրանյութ որոնելու ընթացքում մեր մասնակիցը հավաքեց 100-ից` 82, իսկ բեռնատար ավտոմեքենայում՝ 100-ից 94 միավոր՝ զբաղեցնելով պատվավոր երկրորդ հորիզոնականը: Ճկուն Կիռային չբավականցրեց ընդամենը 7 վայրկյան՝ առաջին հորիզոնականը զբաղեցնելու համար:

ՊԵԿ շնագիտական կենտրոնը 2013 թվականից ի վեր ԱՊՀ երկրների Մաքսային ծառայության կինոլոգիական կենտրոների միջև անցկացվող ամենամյա մրցույթներում չէր զբաղեցրել բարձր հորիզոնականներ, և այս մասնագիտական թիմը խոստանում է՝ մրցանակային բարձր ցուցանիշները դեռ առջևում են: