Բոլոր ցանկացողներին հնարավորություն է տրվել վերջին հրաժեշտը տալ Ժակ Շիրակին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

բակո

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հարազատները որոշել են բոլոր ցանկացողներին հնարավորություն տրամադրել վերջին հրաժեշտը տալ հանգուցյալ քաղաքական գործչին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով BFM հեռուստաալիքին:

Կիրակի տեղական ժամանակով ժամը 14:00-ին հանգուցյալի աճյունով դագաղը կդրվի Փարիզի Հաշմանդամների տան պատմական համալիրի տարածքում գտնվող Սեն Լուի տաճարի մոտ: Մոտակայքում ցավակցությունների համար գրքեր կդրվեն:

Արարողության ավարտից հետո դագաղը կտեղափոխվի Սեն Սյուլպիս եկեղեցի, որն այժմ խոշոր արարողությունների անցկացման համար փոխարինում է հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարին:

Le Parisien-ի տեղեկություններով՝ այժմ Մոնպառնաս գերեզմանատանը աշխատանքներ են տարվում Ժակ Շիրակի հուղարկավորությունը կազմակերպելու համար: Գրանիտե գերեզմանաքարի վրա արդեն գրվել է քաղաքական գործչի անունն ու ծննդյան եւ մահվան տարեթվերը: Գերեզմանը գտնվում է Փարիզի ամենահայտնի գերեզմանատանը, «Հավերժ հանգիստ հանճարին» անվանումով հուշարձանի մոտ: Ժակ Շիրակը կդառնա Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության առաջին նախագահը, որը կհուղարկավորվի Փարիզի տարածքում: