Ես որևիցե զրույց չեմ ունեցել Հայկ Հարությունյանի ընտանիքի անդամների հետ. Արմեն Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Հասարակություն

Ես որևիցե զրույց չեմ ունեցել Հայկ Հարությունյանի ընտանիքի անդամների հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, որ ինքը մերժել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հարազատներին, որ հուղարկավորությունը տեղի ունենա ՀՀ բարձրաստիճան սպաների համար նախատեսված կարգի պահպանմամբ:

«Այսօր մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հարազատները զանգահարել են ինձ և խնդրել, որ Հայկ Հարությունյանի հուղարկավորությունը տեղի ունենա ՀՀ բարձրաստիճան սպաների համար նախատեսված կարգի պահպանմամբ։ Կեղծ լուրին չէի արձագանքի, եթե մարդկանց վշտի շահարկում չլիներ։

Լուրն ամբողջությամբ սուտ է։ Ես որևիցե զրույց չեմ ունեցել Հայկ Հարությունյանի ընտանիքի անդամների հետ։

Սուտը տարածողները տարրական հարգանք չունեն վշտի մեջ գտնվող մարդկանց հանդեպ ու կեղծ լուրեր են տարածում՝ շահարկելով մարդկանց վիշտը։ Ողբերգության շահարկումը ստոր և անմարդկային վերաբերմունք է, իսկ նման տեսակի կեղծ լուրի արտադրությունը և տիրաժավորումը բարոյական ցածր մակարդակի քայլ»,- գրել է նա։