Նիկոլի վկաները իրար հերթ չտալով՝ դատապարտման շքերթ են նախաձեռնել՝ ընդդեմ Նարեկ Մութաֆյանի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 28, 24News

շարմազանով45

Նարեկ Մութաֆյանի ձերբակալությունը քաղաքական է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Նիկոլի վկաները իրար հերթ չտալով՝ դատապարտման շքերթ են նախաձեռնել՝ ընդդեմ Նարեկ Մութաֆյանի, թե տեսեք՝ ինչպիսի անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել բարձր դատարանի նկատմամբ:

Մինչդեռ երիտասարդը ընդամենը փորձել է դատավորից ճշտել՝ արդյո՞ք համաձայն է վերջինս վարչապետի՝ ՀՀ դատավորներին հասցեագրված «վնգստացող» որակման հետ:

Առնվազն զավեշտալի է, երբ դեռ երեկ «հորթի հրճվանքով» դատարաններ, Ազգային ժողով շրջափակողները, դատավորների նկատմամբ բռնություն գործադրողներն ու ՍԴ դատավորին քաշքշողներն այսօր փորձում են սրբանալ:

Կրկնակի զավեշտ է իրավապահ համակարգի նման «աննախադեպ» օպերացիան: Պարոնայք, ո՞ւր էիք դուք, երբ Նիկոլի հրահանգով շրջափակում էին դատարանները, վայր գցում դատավորին, ո՞ւր էիք, երբ երկրի բարձրագույն օրենսդիր մարմինն էր հարձակման ենթարկվում:

Նարեկ Մութաֆյանի ձերբակալությունը քաղաքական է:

Հ. Գ. Բոլորդ պատասխան եք տալու օրենքի եւ Սահմանադրության առաջ՝ սկսած Նիկոլից մինչեւ ցանկացած ապօրինի հրահանգ իրականացնող կամակատար: Չկասկածեք»,– գրել է Շարմազանովը։

Հիշեցնենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է Նարեկ Մութաֆյանը, բերման է ենթարկվել Սարգիս Օհանջանյանը: