Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրվեց «Ժառանգության» խորհրդի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

քաղաքական

2019թ.-ի սեպտեմբերի 28-ին «Ժառանգություն» կուսակցությունը Գյումրիում գումարեց իր քաղաքական խորհրդի հանրապետական հերթական նիստը: Այս մասին հայտնում են կուսակցության մամլո ծառայությունից։ 

«Հնչեցին տարբեր զեկուցումներ, քննարկվեց կուսակցության գործադիր մարմնի ընդհանուր հաշվետվությունը, որը ներկայացրին վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը և փոխնախագահ Նարինե Դիլբարյանը: Քաղաքական խորհուրդը հանգամանալից  քննարկեց Հայաստանի և տարածաշրջանի ընթացիկ իրավիճակը՝ նախանշելով դրանց զարգացման հնարավոր սցենարները», - ասված է «ժառանգության» հաղորդագրությունում։ 

Կուսակցության ժողովում քվեարկությամբ ընտրել է քաղաքական խորհրդի ղեկավարին: Րաֆֆի Հովհաննիսյանը կշարունակի իր գործունեությունը որպես քաղաքական խորհրդի նախագահ:

Գյումրիի նորաբաց մշակութային-երիտասարդական «Գարաժ Ակումբում» խորհրդակցության ավարտից հետո տեղի ունեցավ հատուկ ընդունելություն, որին մասնակցեցին կառավարության բարձրաստիճան անձինք, քաղաքական ու մշակութային գործիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ, կուսակցության անդամներ և բարեկամներ: Ընդունելությունը նվիրված էր  «Ժառանգության» հիմնադրման 17-ամյակին: