ԵՊՀ-ն հարյուրամյակը նշում է մեկուկես տասնյակ դատական հայցերով ու լարված մթնոլորտում

ԵՐԵՒԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐ, 24News

Երևանի պետական համալսարան

Երևանի պետական համալսարանն ու ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը մայր բուհի հարյուրամյակը նշում են բավական լարված մթնոլորտում՝ ուղեկցվող բազմաթիվ դատական հայցերով։ Ինչպես Datalex-ից տեղեկացավ 24News-ը, ընթացիկ տարվա սկզբից մինչև Գևորգյանի՝ հոգաբարձուների խորհրդի կողմից ռեկտորի ժ/պ նշանակվելն ընդդեմ ԵՊՀ-ի եղել է երկու դատական հայց, որից մեկը հենց ինքը՝ Գևորգյանն է ներկայացրել։ Արդեն «համալսարանական իշխանափոխությունից» հետո, երբ Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց ու նրա տեղը ժամանակավորապես ընտրության միջոցով  նշանակվեց Գևորգյանը, ԵՊՀ-ի դեմ մինչ օրս ներկայացվել է 13 դատական հայց, որոնց մեծամասնությունը վերաբերվում են խախտված աշխատանքային իրավունքների վերականգմանը։ Դատական հայց ներկայացնողների  թվում են ԵՊՀ մամլո խոսնակ Գևորգ Էմին Տերյանը, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ամբողջ անձնակազմը՝ կենտրոնի ղեկավար Վահագն Վարագյանի գլխավորությամբ, ինչպես նաև ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը։ 

Պարզվում է, որ ռեկտորի ժ/պ նշանակվելուց անմիջապես հետո Գեղամ Գևորգյանի հրամանով ԵՊՀ մամլո խոսնակ Գևորգ Էմին Տերյանի պայմանագիրը անորոշ ժամկետից փոխարինվել է որոշակիով՝ մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը։ Ընդ որում, ինքը՝ Էմին Տերյանը, այս մասին տեղեկացվել է արդեն որոշումն ընդունելուց հետո, ինչն էլ հանդիսացել է Գեղամ Գևորգյանի հրամանը դատարանում վիճարկելու առիթ։  ԵՊՀ մամլո խոսնակը շաբաթ օրն ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ԴԱՀԿ-ի փաստաթուղթ, որում նշված է, որ դատարանը որոշում է ընդունել պահպանել Էմին Տերյանի աշխատանքային կարգավիճակը՝ մինչև վերջնական դատական ակտը, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ դեկտեմբերի 31-ին Էմին Տերյանին չեն կարող աշխատանքից ազատել։ 

Հետաքրքրական է, որ ավելի վաղ ամբողջությամբ նույնատիպ որոշում է ընդունվել նաև ԵՊՀ ուսանողների հետ տարվող  աշխատանքների կենտրոնը լուծարելու և աշխատակիցներին աշխատանքից ազատելու առումով։ Մամուլում բազմիցս գրվել է, որ այդ կենտրոնի ղեկավար Վահագն Վարագյանից «ազատվելու համար» ԵՊՀ խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը, ով ի դեպ մինչև թավշյա հեղափոխությունը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականն էր, խախտելով ԵՊՀ կանոնադրությունը, հեռակա կարգով խորհրդի նիստ էր գումարել և էլեկտրոնային քվեարկության միջոցով հասել կենտրոնի լուծարման որոշմանը, ինչի գործադրումը դատարանի կողմից նույնպես կասեցվել է՝ մինչև վերջնական դատական ակտ։ 

Ի դեպ, ԵՊՀ գրեթե երեք տասնյակ աշխատակիցներին աշխատանքից հեռացնելու Գեղամ Գևորգյանի որոշմանն անհամաձայնություն հայտնելու պատճառով ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ն միակողմանի որոշում էր ընդունել լուծել համալսարանական արհմիության հետ կոլեկտիվ պայմանագիր։ Այս պայմանագրով  սահմանվում է, որ ԵՊՀ ղեկավարությունն առանց արհմիության համաձայնության աշխատանքից չի կարող ազատել ոչ մեկ աշխատակցի։ Այս որոշումը ապօրինի ճանաչելու համար էլ ԵՊՀ արհմիությունը դիմել է դատարան և այժմ սպասում է դատարանի որոշմանը։ 

24News-ի հետ զրույցում ԵՊՀ արհմիության ղեկավար Արմեն Ավետիսյանը նշեց, որ «ափսոսում է, որ մայր բուհի հարյուրերորդ տարին նշվում է այսպիսի ծանր մթնոլորտում, երբ համալսարանական կարևորագույն օղակներում ստեղծվել է մեղմ ասած անառողջ աշխատանքային մթնոլորտ՝ ԵՊՀ ղեկավարության՝ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանի և խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանի անհեռատես որոշումների արդյունքում»։ 

«Գեղամ Գևորգյանի նշանակման ժամանակ խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը հայտարարում էր, որ իրենք ընտրում են ոչ թե ռեկտոր, այլ օպերատիվ կառավարիչ, որը պետք է կազմակերպի և իրականացնի հարյուրամյակի միջոցառումները։ Ստացվում է, սակայն, որ այս մարդը նշանակման օրվանից սկսեց  զբաղվել ոչ թե հարյուրամյակով, այլ կառուցվածքային փոփոխություններով, իր և հոգաբարձուների խորհրդի նախագահ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Գևորգ Մուրադյանի ծանոթներին պաշտոնների նշանակելով ու տասնյակ աշխատակիցների հանիրավի աշխատանքից ազատելու չստացված փորձերով», - հավելեց Ավետիսյանը