«Հայաստանում չկա «վնգստացող» դատավոր»․ փաստաբանները՝ Դանիբեկյանի միջադեպի մասին

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

եռյակ

«Ես կուզեի, որ հավասար մոտեցում ցուցաբերվեր նաև նրանց նկատմամբ, ովքեր ՍԴ-ի դիմաց Ալվինա Գյուլումյանին էին վիրավորում ու քաշքշում, նրանց նկատմամբ, ովքեր Շենգավիթ նստավայրի առաջ հրելով գետնին տապալեցին դատավոր Դավիթ Բալայանին, ովքեր դատարանները փակեցին, ովքեր ամենավերջին վիրավորանքներն էին գրում դատավոր Ալեքսանդր Ազարյանի հասցեին, երբ նա ազատ արձակեց Քոչարյանին», - 24News-ի հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 27-ին համացանցում տարածված այն տեսանյութին, որում Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանը մի քանի այլ անձանց հետ «հետապնդում» և հարցեր է տալիս դատավոր Աննա Դանիբեկյանին։

Հայկ Ալումյանի կարծիքով՝ դատավորի նկատմամբ ցանկացած ճնշում՝ լինի բարոյական, թե  ֆիզիկական, անթույլատրելի է, եթե տվյալ անձը կատարել է օրենքով չնախատեսված արարք, պետք է կրի պատասխանատվություն։

Ըստ Ալումյանի՝ «վնգստացող» դատավորների վերաբերյալ առաջինը խոսել է վարչապետը, և դրանից հետո ցանկացած դատավոր հանրության աչքում կարող է երևալ «վնգստացողներից» մեկը։

«Վնգստում են միայն շները, ես այն համոզմունքին եմ, որ Հայաստանում չկա «վնգստացող» դատավոր։ Իմ հարցը՝ ուղղված Աննա Դանիբեկյանին, թե արդյոք նա կա՞ «վնգստացող» դատավորների ցանկում, թե՞՝ ոչ, վերաբերում էր նրան, թե ում նկատի ուներ Ռուբեն Վարդազարյանը, երբ ասում էր, որ կան «վնգստացող» դատավորներ։ Եվ ես անպայման կստանամ իմ հարցի պատասխանը, թե ում նկատի ուներ ԲԴԽ նախագահը և ում նկատի ուներ վարչապետը», - ասաց Ալումյանը։

Մեկ ուրիշ փաստաբան՝ Երվանդ Վարոսյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ դատավորի հետ տեղի ունեցածում քրեաիրավական որևէ քայլ չի տեսնում։

Վարոսյանի խոսքով՝ պատժողական քաղաքականության անցնելով կամ ամեն դատավորին 7 թիկնապահ տրամադրելով՝ խնդիրը չի լուծվի։

«Վնգստալու վերաբերյալ տեսանյութում հնչեցրած հարցը կարող է ուղղված լինել միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին և մի քիչ էլ ԲԴԽ նախագահին։ Այս իրավիճակում յուրաքանչյուր քաղաքացի յուրաքանչյուր դատավորի կարող է այդ հարցը տալ», - նշեց փաստաբանը։

 «Սա ավելի շատ դատավորին ճնշելու, ահաբեկելու փորձ է, ստիպելու, որ նա այդ գործը չքննի», - այս մասին մեզ հետ զրույցում նշեց մեկ այլ փաստաբան Լուսինե Հակոբյանը։

Ըստ Հակոբյանի՝ քրեական օրենսգիրքը բավարար չափով թույլ չի տալիս պատշաճ որակում տալ այդ արարքին, ինչը համակարգային խնդիր է, և պետք է արագ կերպով փոխվի նաև քրեական օրենսգիրքը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանը մի խումբ անձանց հետ «հետապնդում» և հարցեր տալիս Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը քննող Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին: Մութաֆյանը մասնավորապես հետաքրքրվում էր, թե արդյոք Դանիբեկյանը կա՞ «դատարանի պատերի տակ վնգստացող դատավորների ցուցակում»:

Դեպքի փաստով ընդունված հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել հիշյալ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող երիտասարդը։ Վերջինս ձերբակալվել է։ Կատարվում է հետաքննություն։