Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը դիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու պահանջով

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

1

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ դիմել է Շենգավիթի քննչական մարմին ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու պահանջով: Գրառումը՝ ստորև.

«Այսօր դիմել եմ Շենգավիթի քննչական մարմնին ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու պահանջով։ Ինչպես առավել վաղ հայտնի էր դարձել, ձերբակալվել էին իմ պաշտպանյալներ Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի գործունեությանը խոչընդոտելու համար։

Նախ պետք է փաստել, որ վիճելի պահին Աննա Դանիբեկյանը հանդես չի եկել որպես դատարան՝ հետևաբար նրա գործունեությանը խոչընդոտելու մասին խոսք լինել չի կարող։ Այնուհետև՝ տղաները վերարտադրել էին ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ դատավորների վնգստոցի և փայտով խփելու մասով։ Եթե նախաքննական մարմինը գտնում է, որ դատավորներին վնգստացող անվանելը և փայտով գլխին խփելու խոսքերը արդարադատության իրականացմանը խոչընդոտել է, ապա պետք է մեղադրանք առաջադրեն ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանին, քանի որ տղաները վերարտադրել են վերջինիս արտահայտությունները։

Հուսով եմ՝ օրենքի առջև հավասար են բոլորը, և եթե Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը պետք է դատապարտվեն դատավորին վնգստացող անվանելու համար, նույն արարքի համար պետք է դատապարտվի նաև թեմայի առաջնային կրող, ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին մի խումբ անձինք հետապնդել են Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին՝ փորձելով հոգեբանական ճնշման ենթարկել, վիրավորել և նսեմացնել դատավորի անձը: Կատարվածի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանն անմիջապես տեղյակ է պահել ԲԴԽ-ին։ 

Ավելի ուշ ՔԿ-ն հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ միջադեպի մասնակից երիտասարդները բերման են ենթարկվել և ձերբակալվել: