Գորիսի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

ապօրինի ծառահատում

Սեպտեմբերի 27-ին ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի վարչական տարածքի «Կատարի» կոչվող տարածքում ապօրինի ծառահատումներ են կատարվում։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Բարձրավան և Շուռնուխ գյուղի 25-ամյա երկու բնակիչ, առանց համապատասխան թույլտվության, սեպտեմբերի 26-ին, ժամը 19.00-ի սահմաններում, նշված տարածքում հատել են բոխի և կաղնի, իսկ ստացված 7-8 խորանարդ մետր փայտանյութը բարձել են առանց հաշվառման համարանիշի «ԶԻԼ-131» բեռնատարը:

Մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Երիտասարդները հրավիրվել են բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Բնությանը հասցված վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր: