ԵՐԵՒԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐ, 24News
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը նախագահական նստավայրում ընդունում են Սինգապուրի վարչապետ Լի Սիեն Լունին՝ տիկնոջ հետ։
Լի Սիեն Լունի գլխավորած պատվիրակությունը Երևան է ժամանել ուրբաթ երեկոյան։ Վարչապետները հանդիպումից հետո հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ։ Սինգապուրի վարչապետը նաև կհանդիպի նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, ինչպես նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ։
Հոկտեմբերի 1-ին Լի Սիեն Լուն կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստին, որտեղ կստորագրվի ինտեգրացիան տնտեսական կազմակերպության և Սինգապուրի միջև ազատ առևտրի համաձայնագիրը։
Նույն միջոցառմանը իբրև հրավիրյալներ կմասնակցեն նաև Իրանի նախագահ Հասան Ռոուհանին և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը։
Հոկտեմբերի 1-ին ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդին մասնակցելու համար Երևան են ժամանելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։