Ութ երկրի առաջնորդ, բազմաթիվ պայմանագրեր. Երևանում մեկնարկում են ԵԱՏՄ միջոցառումները

ԵՐԵՒԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐ,  24News

ԵԱՏՄ

Հոկտեմբերի 30-ից Երևանում մեկնարկում են Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակներում նախատեսված միջոցառումներ, որոնց մասնակցում են 8 երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Բելառուսի, Սինգապուրի, Իրանի և Մոլդովայի ներկայացուցիչներ, բազմաթիվ արտասահմանյան հյուրեր՝ այդ թվում և հայտնի վերլուծաբաններ ու քաղաքական գործիչներ։ 

Այսօր Թումո կենտրոնում մեկնարկում է «Եվրասիական մայրցամաքի տրանզիտային հնարավորությունները» միջազգային ֆորումը, որին մասնակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների փոխվարչապետները։ Միջազգգային ֆորումի շրջանակներում բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաև միջազգային վերլուծաբանները հանդես կգան ԵԱՏՄ տնտեսական ներուժի ավելացման վերաբերյալ դասախոսություններով։ 

Հիմնական միջոցառումները նախատեսվում է հոկտեմբերի 1-ին։ Այդ օրը մեկնարկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը՝ Փաշինյանի, Պուտինի և կազմակերպության անդամ երկրների մնացյալ առաջնորդների մասնակցությամբ։ Ընդլայնված նիստին մասնակցելու են Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, Սինգապուրի վարչապետն ու Մոլդովայի նախագահը։ ԵԱՏՄ-ն պաշտոնական Թեհրանի և Սինգապուրի հետ վաղը կվավերացնի ազատ առևտրի համաձայնագրեր, որոնք էլ ավելի կմեծացնեն ԵԱՏՄ տնտեսական աշխարհագրությունը։ 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ վերջին տարիներին հասցրել է բանակցել ու տնտեսական հարաբերություններ ստեղծել բազմաթիվ միջազգային գործընկերների հետ՝ Իրան, Սինգապուր, Սերբիա, Եգիպտոս, Իսրայել, Հարավ-արևելյան Ասիայի երկրներ։ 

24TV-ն սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին նախատեսում է աշխատել ուղիղ եթերով՝ ներկայացնելով իր հեռուստադիտողին միջազգային խոշորագույն իրադարձության կարևոր մանրամասները։