«Հայ ժողովուրդը մեծ կամքի ուժ է ցուցաբերել 1915-ին»․վարչապետ Լունն այցելել է Ծիծեռնակաբերդ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը սեպտեմբերի 29-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը։

Ըստ աղբյուրի՝ Սինգապուրի վարչապետը ծաղկեպսակ է դրել հայերի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։

Լի Սյեն Լուն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և գրառում արել հուշամատյանում։

«Հայ ժողովուրդը մեծ կամքի ուժ և խիզախություն է ցուցաբերել 1915 թ. ողբերգական իրադարձություններից հետո։ Ցանկանում եմ ձեզ հավերժ վայելել խաղաղություն, անվտանգություն և ներդաշնակություն»,- գրել է վարչապետը։

Սինգապուրի վարչապետը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր այցելել տիկնոջ հետ։ Նրանց ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։

1