Դատական համակարգը հեղափոխությունից հետո կործանվել է. Գագիկ Խաչատրյանի փաստաբան

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, կշարունակի մնալ կալանքի տակ։ Այդ մասին նրա փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարել է որոշման հրապարակումից հետո՝ լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ։ 

«Հեղափոխությունից հետո մի որոշ շրջան առաջընթաց կար, երբ դատարանները որոշակի անկախություն, ազատություն ստացան։ Բայց այժմ պետք է արձանագրել, որ այս համակարգը ընդհանրապես կործանվել է։

Սրանք պարզապես խոսքեր չեն, որովհետև յուրաքանչյուր անձ, որն առնչվում է այդ համակարգին, կասեր, որ վերաքննիչ դատարանը այն մեկ հույսն էր մնացել, որ կարողանում էր որոշում կայացնել անկախ։ Մինչ այժմ անկախ որոշումներ կայացրած դատավոր Ռուբեն Մխիթարյանն այսօր փաստացի չկարողացավ հաղթահարել այն ճնշումները, որոնք եղել են իր նկատմամբ», - ասել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանը, ապա նշել, թր Գագիկ Խաչատրյանը ներկա է եղել Վերաքննիչ դատարանի որոշման հրապարակմանը և նրա համար սպասելի էր նման ելքը։

Ըստ փաստաբանի՝ Գագիկ Խաչատրյանին մեղսագրվող հանցագործության վերաբերյալ որևէ փաստաթուղթ գոյություն չունի, հետևաբար հենց միայն դա հիմք էր, որ դատարանը ազատեր կալանքից Գագիկ Խաչատրյանին։

Սարգսյանը նաև կարծում է՝ պաշտոնեական դիրքի չարաշահման վերաբերյալ մեղադրանքի մասով պետք է համաներման ակտը կիրառվեր։

«Եթե այդ մեղադրանքով նույնիսկ դատարանը հիմնավոր կասկած հայտնաբերեր, ապա պետք է կիրառվեր համաներման ակտը։ Վճռաբեկ դատարանն ունի նախադեպային որոշում, որտեղ հստակ արձանագրվում է՝ եթե որևէ առերևույթ հանցագործության նկատմամբ առերևույթ համաներում է կիրառվում, ապա դատարանն ուղղակի պարտավոր է մերժել կալանավորման միջնորդությունը», - հայտարարել է Երեմ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում քննվող քրգործի շրջանակում Գագաիկ Խաչատրյանը մեղադրյալ էր ներգրավվել Քրեական օրենսգրքի 38-179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը)։ Նա որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ԱԱԾ-ում հարուցված մեկ այլ քրգործով, այն է՝ պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափի վատնում: Նրա վերաբերյալ երկու քրեական գործերն այս պահին քննվում են մեկ վարույթում:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news