Հատուկ միավոր՝ ՊՆ-ում․ կստեղծվի «1991 ստորաբաժանում». Դավիթ Տոնոյանը հուշագիր է ստորագրել

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ»-ը և «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոն-հիմնադրամը սեպտեմբերի 30-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով ազդարարվում է «1991 ստորաբաժանման» ստեղծումը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ զինված ուժերի կազմում ստեղծել նոր հատուկ միավոր, որի գործունեության արդյունքում հնարավոր կլինի իրականացնել ինչպես ամենօրյա, այնպես էլ միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծմանն ուղղված գիտահետազոտական նախագծեր և վերլուծություններ:

«1991 ստորաբաժանման» զինծառայողները ձեռք կբերեն հիմնարար և գործնական գիտելիքներ ու հմտություններ, որոնց շնորհիվ զորացրվելուց հետո հնարավորություն կունենան աշխատանքի անցնել ոչ միայն ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում, այլև առաջատար բարձր տեխնոլոգիական ընկերություններում:

Ծրագրի ժամանակացույցի համաձայն՝ առաջին երկու տարիների ընթացքում կստեղծվի զորակոչիկների կարողությունների առավելագույն օգտագործման և զարգացման կայուն մեխանիզմ: Երեք տարվա ընթացքում նախատեսվում է ծրագրի մասնակիցների թիվը հասցնել 300-ի, իրականացնել մի քանի գիտահետազոտական նախագծեր, իսկ հինգ տարվա ընթացքում՝ հասնել արդյունքների առևտրայնացմանը: