Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

1

Սեպտեմբերի 30-ին Ստրասբուրգում աշխատանքն է սկսել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը:

Երեքշաբթի՝ հոկտեմբերի 1-ին, ԵԽԽՎ-ում ելույթ կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ կպատասխանի խորհրդարանականների հարցերին:

Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Ամելի դե Մոնտշալենը հաղորդում կներկայացնի Նախարարների կոմիտեի անունից, իսկ Մարիա Պեյչինովիչ Բուրիչը, որը վերջերս ընտրվել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար, կդիմի Վեհաժողովին:

2019 թվականին մարդու իրավունքների ոլորտում երեք թեկնածուներից ընտրված Վացլավ Հավելի անվան մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի այսօր ավելի ուշ: Մրցանակը կհանձնվի լիագումար նիստում հատուկ արարողության ժամանակ:

Վեհաժողովը նստաշրջանի ընթացքում իր ուշադրությունը կկենտրոնացնի այնպիսի հարցերի վրա, ինչպիսին են՝ տեղեկատվության պաշտպանությունը, օմբուդսմենի ինստիտուտների համար ընդհանուր ստանդարտները, ահաբեկչության զոհերի պաշտպանությունը, ինչպես նաեւ հրեական մշակութային ժառանգության պահպանումը: ԵԽԽՎ-ն կքննարկի կլիմայական փախստականների եւ Արեւելյան Եվրոպայում աշխատանքային միգրացիայի մասին զեկույցները, ինչպես նաեւ մանկաբարձական եւ գինեկոլոգիական բռնության մասին զեկույցը:

Օրակարգում են նաեւ Մոլդովայում ժողովրդավարական ինստիտուտների գործառնության եւ Հյուսիսային Մակեդոնիայի հետ հետմոնիթորինգային երկխոսության մասին հաշվետվությունները, ինչպես նաեւ ավելի ինկլյուզիվ հասարակության զարգացման մեջ ԵԽ Զարգացման բանկի ավանդի մասին զեկույցը: