Կիբերանվտանգության բաժնի զինծառայողները կստանան գիտելիքներ, որոնք ՊՆ-ի համար կարևոր կլինեն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը, «ՖԱՍԹ» հիմնադրամի ղեկավար Արմեն Օրուջյանը և «Հայտեք» կիբերանվտանգության կենտրոնի գործադիր տնօրեն Լևոն Պետրոսյանը սեպտեմբերի 30-ին ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որով ազդարարվում է «1991 ստորաբաժանման» ստեղծումը։

«Սրանով պատմական սկիզբ դրվեց շատ կարևոր մի նախաձեռնության։ Ստեղծվելու է ոլորտային ստորաբաժանում։ Այս ծրագրի շնորհիվ կիբերանվտանգության ստորաբաժանումների ժամկետային զինծառայողները հնարավորություն կունենան ստանալ գիտելիքներ, որոնք անվտանգային պրոֆիլում կարևոր դեր կխաղան», - նշեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ 

Հովհաննիսյանի խոսքով՝ ծրագրին հետագայում կմիանան նաև այլ հիմնադրամներ և ընկերություններ։ 

«Պաշտպանության նախարարության հետ գործակցության շրջանակում «ՖԱՍԹ»-ը տրամադրելու է կրթական աջակցություն, դասընթացների տրամադրում», - նշեց «ՖԱՍԹ» հիմնադրամի փոխտնօրեն Դավիթ Սարգսյանը։ 

Դավիթ Սարգսյանի խոսքով՝ կազմակերպվելու են դասընթացներ նախազորակոչային տարիքի անձանց համար, որի տևողությունը կլինի 6 ամիս, ինչպես նաև կտրամադրվեն դասընթացներ «1991» ստորաբաժանման զինծառայողների համար։ 

«Այս հուշագրով ինստիտուցիոնալ սկիզբ է դրվում ՏՏ-ի կիրառմանը պաշտպանական բնագավառում, սա մեծ ապագա ունեցող ոլորտ է», - նշեց «Հայտեք»-ի գործադիր տնօրեն Լևոն Պետրոսյանը։ 
Լևոն Պետրոսյանը նշեց, որ առանց տարկետման իրավունք ունեցող զորակոչիկները զորացրվելուց հետո կունենան նոր մասնագիտական որակներ։