Երևանը զորահավաքին աննախադեպ ցուցանիշ գրանցեց․ Մարության

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

1

ՀՀ տարածքում սեպտեմբերի 24-ից մեկնարկած «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժությանը Երևանը լիարժեք մասնակցություն է ունեցել՝ գրանցելով զորահավաքի աննախադեպ ցուցանիշ: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել քաղաքային կառույցներին՝ կազմակերպական աշխատանքներին աջակցելու, ինչպես նաև քաղաքացիներին՝ ակտիվ մասնակցության համար: 

Ըստ նույն աղբյուրի՝ հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետին կցված ծառայողական ներկայացուցչական դասի մեքենան չի օգտագործվում, դրա ապրանքային արժեքը պահպանելու նկատառումով, քաղաքապետի հանձնարարությամբ այն կհանվի աճուրդի:

Երևանի 2019թ. բյուջեով նախատեսված միջոցներով քաղաքապետարանի կարիքների համար հայտարարվել է 1083 գնման ընթացակարգ: Զեկուցվել է, որ ամփոփվել են 1010 գնման ընթացակարգերը, որոնց արդյունքում ընդհանուր առմամբ կնքվել են 15 մլրդ 579 մլն դրամի պայմանագրեր. տնտեսումը կազմել է 3 մլրդ 889 մլն դրամ:

Համայնք-մասնավոր հատված համագործակցությամբ մայրաքաղաքում մեկնարկած ստվարաթղթի հավաքման գործընթացը դրական արդյունք է տվել: Ծրագիրն այժմ իրականացվում է Դավթաշենում և Աջափնյակում: Այն կշարունակվի նաև վարչական մյուս շրջաններում: Քաղաքապետ Մարությանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է համագործակցել խանութների և սպասարկման օբյեկտների հետ, որպեսզի գործընթացը լինի կանոնակարգված:

Քաղաքապետին նաև զեկուցվել է, որ 2019-2020թթ. ուսումնական տարվան ընդառաջ երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով հայտարարված միամսյակի ընթացքում սաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարներ չեն գրանցվել: