Արցախում առաջին անգամ կիրառվել են անօդաչու թռչող սարքեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 5, 24News

Արցախի «Տիգրանակերտ» զորավարժարանում առաջին անգամ կիրառվել են Արցախում թողարկված անօդաչու թռչող սարքեր։

Արցախի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն այս առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հոկտեմբերի 4-ին ՊԲ «Տիգրանակերտ» զորավարժարանում խաղարկվեց մարտական հրաձգությամբ ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժություն: Այն առանձնահատուկ էր ժամանակակից մարտավարատեխնիկական հնարավորություններով օժտված մի շարք զինատեսակների ներգրավվածությամբ: Այդ օրն առաջին անգամ մարտականին առավելագույնս մոտեցված պայմաններում կիրառվեցին նաեւ նավարկային տեղորոշման համակարգերից անկախ գործող հայրենական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքեր:

Հատկանշականն այն է, որ նշված անօդաչու թռչող սարքերը նախագծվել ու թողարկվում են Արցախի Հանրապետությունում եւ ունեն առաջադրված մարտական խնդիրը լիարժեք կատարելու բալոր անհրաժեշտ չափորոշիչները: Հավելենք նաեւ, որ նախքան դրանց գաղտնազերծելն ու մարտավարական զորախաղերում կիրառելը, նշված ԱԹՍ-ներն անցել են համապատասխան փորձաշրջան եւ լիովին ապացուցել իրենց արդյունավետությունը»: