Կյանքից հեռացել է քանդակագործ Արտո Չաքմաքչյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

1

Կյանքից հեռացել է կանադահայ անվանի քանդակագործ, Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ Արտո Չաքմաքչյանը: Քանդակագործը ծնվել է 1933 թ., Կահիրեում (Եգիպտոս), քանդակագործությամբ սկսել է զբաղվել տասներկու տարեկանից: 1948 թ. ընտանիքով հայրենադարձել է Խորհրդային Հայաստան, 1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը:

1959 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակագործության բաժինը։ 1964 թ. Մոսկվայի Խաղաղության Կոմիտեի մրցանակաբաշխությանն արժանացել է առաջին մրցանակի՝ «Հիրոսիմա» քանդակի համար։ 1975 թ. Հայաստանից մեկնել է Կանադա ՝ ընտանիքով հաստատվելով Մոնրեալում: 1978 թ.-ից սկսած՝ քանդակագործություն և գեղանկարչություն է դասավանդում Քվեբեքի համալսարանում։

Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունները տեղադրված են Մոնրեալի, ինչպես նաև աշխարհի մի շարք այլ քաղաքների հասարակական վայրերում։ Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, ԺԱԹ-ում, արտասահմանյան թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում: